Ողջույն, ես Լիանան եմ։ Դեռևս վաղ հասակից《որ մեծանաս ինչ ես դառնալու》հարցին պատասխանում էի` ազգագրագետ, չնայած բառի իմաստը և խորությունը չէի հասկանում, սիրում էի այն ամենը, ինչ կապվում էր ծեսերի հետ: Տարիներ հետո հասկացա, որ այդ ամենը դարձել է իմ կենսակերպի ամենամեծ մասը: 12 տարեկան էի, երբ սկսեցի հաճախել 《Տոնացույց》 ժողովրդական թատրոն, ինչը ինձ ստիպեց էլ ավելի ամուր կառչել նրան, ինչը կապ ուներ ազգագրության հետ, տոները, ծիսական խաղերը, ուտեստները, ծիսական տիկնիկները միանգամից գողացան ինձ ու իրենց մի մասնիկը դարձրին: Տարիներ անց, երբ այդ սերը գնալով մեծանում էր, որոշվեց, որ այն ամենը, ինչ ես հասցրել եմ տարիների ընթացքում սովորել և սիրել, ապրել դրանով, փոխանցել իմ կրտսեր ընկերներին: Դրանով ևս մեկ անգամ բացահայտեցի, որ ես բացի այն ամենից, ինչ ունեմ և սիրում եմ, սիրում եմ նաև մանկավարժությունն ու երեխաների հետ աշխատելը: