Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցծ դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ-Մարիկին:
– Վայ, Հավիկ-Մարիկ,- կանչում է հետևից,- երկինքը փուլ է գալիս:
– Այ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հավիկ- մարիկը:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, արի փախչենք,- ասում է Հավիկ- Մարիկը:
Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:
– Վա~յ, Բադիկ-Տատիկ,- կանչում է Հավիկ-Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ-ճուտիկն է ասում:
– Այ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, եկեք փախչենք,- ասում է Սագիկ-Խաթունը:
Վազում են, վազում, հասնում են Հնդու-Թնդուին:
– Վա~յ, Հնդու-Թնդու,- կանչում է Սագիկ-Խաթունը,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հնդու-Թնդուն:
– Բադիկ-Տատիկն է ասում:
– Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Հավիկ-Մարիկն է ասում:
– Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ-Ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ–Ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, եկեք փախչենք,- ասում է Հնդու-Թնդուն:
Վազում են, վազում, հասնում են Աղա-Աղվեսին:
– Աղա-Աղվես, Աղա-Աղվես,- կանչում է Հնդու-Թնդուն,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Հնդու-Թնդու, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Աղա- Աղվեսը:
– Սագիկ-Խաթունն է ասում:
– Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար:
– Բադիկ–Տատիկն է ասում:
– Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ- Ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ-Ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ:
– Էդ ի՞նչ եք ասում,- ասում է Աղա-Աղվեսը,– եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա:
Ճստիկ-Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ-Տատիկը, Սագիկ-Խաթունը, Հնդու-Թնդուն բոլորը միասին ընկնում են Աղա –Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը:
Մտնում են նրա որջը ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ դուրս չեն եկել: