Рубрика: Ուսումնական նյութեր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2020-2021 ուստարի․ 2-րդ դասարան

Աղբյուրն ՝այստեղ

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը  ուսումնական պլանով նախատեսված առարկաների ինտեգրված ուսուցումն է:

«Իմացումի հրճվանք» ծրագրի նպատակը սովորողի ստեղծագործական, հետազոտական ակտիվ գործունեության արդյունքում  ֆիզիկական, հոգեբանական և տարիքային  առանձնահատկություններին համապատասխան ձեռք բերած  գիտելիքների, կարողությունների և հմտությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումն է՝ ուսուցանվող նյութի գրավիչ մատուցմամբ  (շնորհիվ կրթահամալիրում  իրականացվող մեդիակրթության):

«Իմացումի հրճվանք» ծրագրի խնդիրները`

  • սովորողների զարգացումը` նրանց տարիքային, անձնային, ֆիզիկական
  • զարգացման առանձնահատկություններին համապատասխան
  • ուսուցման կազմակերպում` կապված սովորողի կյանքի, հետաքրքրությունների,
  • կենցաղի հետ, սովորողի հետաքրքրությունների բավարարում
  • սոցիալական միջավայրի և հարաբերությունների ձևավորում և զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • հետազոտական ունակությունների զարգացում
  • բնագիտական մտածողության (մաթեմատիկա, բնագիտություն,
  • տեխնոլոգիա, էկոլոգիական դաստիարակություն) զարգացում
  • գեղարվեստական դաստիարակություն (երգ-երաժշտություն, պար, կերպարվեստ,
  • քանդակ, թատրոն)
  • մարմնակրթություն` ֆիզիկական զարգացում, պլաստիկա, հիգիենա,
  • լողուսուցում, մարմնամարզություն
  • օտար լեզուների (անգլերեն և ռուսերեն) ամենօրյա ուսուցում
  • ուսուցման կազմակերպում ծիսական գործունեության միջոցով
  • ուսուցման կազմակերպում ուսումնական ճամփորդությունների միջոցով
  • ՏՀՏ հմտությունների զարգացում, ուսուցման իրականացում ՏՀՏ միջոցներով
  • սովորողների կրթության շարունակականության ապահովում

Ուսումնական գործունեությունն իրականացվում է նախագծերի միջոցով: Նախագծի թեմաներն ընտրվում են ինչպես ուսումնական օրացույցից, այնպես էլ առարկայի մեջ ընդգրկված դասընթացներից: Թեման, առարկայական դասընթացը կարող են որպես նախագիծ իրենց շուրջը հավաքել «Իմացումի հրճվանք» ծրագրի մեջ ընդգրկված մյուս առարկաները, այնպես էլ դառնալ որևէ այլ նախագծի բաղկացուցիչ:

Ինտեգրված ուսուցմանը հնարավորություն է տալիս ճկունորեն անցում  կատարել մի առարկայից մյուսին՝ միջառարկայական կապերի արդյունքում  ամրապնդելով գիտելիք-կարողություն-հմտություն կապը:

Ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակն արտացոլված է դասացուցակում, սակայն դասավանդողը` տվյալ դասարանում իրականացվող ծրագրի ղեկավարը, որը մասնակցում է ուսումնական պլանով նախատեված բոլոր առարկայական ծրագրերին, կարող է  դասացուցակում տեղափոխություններ կատարել կամ տարբեր դասաժամեր համադրել՝ դրանք հարմարեցնելով օրվա ծանրաբեռնվածությանը և տվյալ դասարանում սովորող երեխաների տարիքային առանձնահատկություններին:

Մայրենի լեզուն ուղղված է՝

  • սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը.
  • սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն.
  • սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:

Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝

  • սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
  • լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
  • բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների զարգացում.
  • բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում.
  • ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում.
  • վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում.
  • լեզվական տարրական գիտելիքների յուրացում:

Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝

  • անկաշկանդ և գրագետ, գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը, զգացմունքները.
  • կառուցել ճիշտ և փաստարկված խոսք.
  • զարգացնել լեզվական-ստեղծագործական երևակայությունը:

Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը`

  • ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:

Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:

  • Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք կիրառմամբ:

Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով, ձայնագրությամբ, ֆոտոշարքով ներկայացնելու:

  • Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:

Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում` էլեկտրոնային հասցեի,  կրթահամալիրի կայքի, դպրոցական ենթակայքի, մեդիագրադարանի, դասարանական բլոգի, սովորողի անհատական բլոգի միջոցով:

Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարևոր փուլը՝տառուսուցումը, չի տարանջատվում մայրենի լեզվին առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա առաջին օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել: Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը, ուսումնական խաղերը հնարավորություն են տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը: Երեխան նկարում-պատմում է, միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-ընթերցում: Երեխան պատմում է այն ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի, հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված լուսանկարները, դիտում` ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը և տալիս իրեն հետաքրքրող հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում, հետո անվանում (տեսքտից անցում պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի): Գրական նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած- ասացվածքներ) ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում: Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր, մուլտֆիլմեր), ապա պատմում -ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո նկարում՝ վրձնով, ինչպես նաև համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի, ոտանավորի կերպար ու հերոս: Այդպես մեդիան ուսումնական գործընթացը ավելի արդյունավետ, ժամանակակից ու հետաքրքիր է դարձնում: Ուսուցողական այսպիսի միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաև գրավոր խոսքին ներկայացվող պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռավար և առցանց ուսուցում՝ մայրենի լեզուն անընդհատ գործածելու ու զարգացնելու հնարավորություն տալու համար: Անընդհատ ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելու հնարավորություն է տալիս mskh-ն՝ իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական կայքէջերով, բլոգներով: Սովորողի վրձնով կամ Paint ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը, ձայնագրությունն ու տեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են դպրոցի կայքէջում, բլոգում: Սովորողը գիտի, որ իրեն հետևում են` սպասում են իր նոր նկարին կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ իր կարծիքին, ընկերոջ հորինածի մասին իր մեկնաբանությանը: Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների, կարդալու կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ, բոլոր դասաժամերին: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը. մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի ձևակերպման, պատճառաբանության, պատասխանի, բնագիտության դասին՝ փորձի ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու տեսքով:

Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է այնպիսի լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը: Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաստում երևակայության զարգացմանը:

Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը`

Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:

Կարդալ: Կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարևոր է կարդացածը հասկանալ: Իրեն հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառն ու դարձվածքը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ: Դասագիրքը չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում էթվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Կարդում են դասական ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր, առաջադրանք:

Գրել: Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր, իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երևույթների, իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել: Կարող են գրել նկարագրական շարադրություններ, պատրաստել տեղեկատվական նյութեր, օրվա մասին պատմել, գրել նամակներ, ինչպես նաև՝ հայտարարություններ ու շնորհավորանքներ:

Հորինել: Երեխաների միտքը և երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝ հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝ գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝ ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում: Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում, պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը, ներկայացումը (հերոսն էլ ինքն է, իր ընկերները, ընտանիքի անդամները) հեքիաթի հիման վրա պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով (պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով): Մյուս երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը փոխել, նոր հերոս ներմուծել և այլն:

Նամակներ: Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլև հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ կարող է լինել տարբեր: Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը: Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգևորելու համար: Երեխաների երևակայությունը ազատելը և ստեղծագործական միտքը զարգացնելը կրտսեր դպրոցի կարևոր խնդիրներից է: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում ենք կարդալ հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը:

Գնահատում: Կարևոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են: Գնահատականը պիտի ոգևորի սովորողին և առաջ մղի: Դասարանական բլոգում բոլոր սովորողներն ունեն անհատական էջեր, իսկ երրորդ դասարանից սկսած՝ անհատական բլոգներ, որտեղ հրապարակվում են իրենց կողմից ստեղծված ուսումնական նյութերը, կատարված առաջադրանքները: Բացի այդ, կայքում բոլոր սովորողներն ունեն իրենց անձնական կայքէջերը, որտեղ նյութեր թողարկելը հնարավորություն է տալիս բոլորին հայտնվել հավասար պայմաններում: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում արտահայտվելու, ինչպես նաև կարդալու, կարդացածի վերաբերյալ վերաբերմունք, կարծիք հայտնելու: Երեխաները կարդում են ընկերոջ ստեղծագործությունը, ապա ծավալում առցանց քննարկում, որին մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուր սովորող:

Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները ամփոփվում են կիսամյակային ու տարեկան ստուգատեսներին՝ «Ես կարողանում եմ», «Բնագիտա-տեխնիկական», «Հանրակրթական Դիջիթեք», երաժշտական, թատերական փառատոններին ներկայացված անհատական, դասարանական, ընտանեկան նախագծային աշխատանքներով:

Երկրորդ դասարանցուն ներկայացվող պահանջները, բնականաբար, ավելանում են: Կարևորվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում նոր բառերի, արտահայտությունների ներմուծումը, միտքն ավելի գեղեցիկ , պատկերավոր և հասկանալի ներկայացնելու, սեփական կարծիքը հիմնավորելու և պաշտպանելու, դիմացինին լսելու և հարցադրումներ անելու կարողությունների ձևավորումը:

Երկրորդ դասարանում բանավոր պատումներից բացի, սովորողը սկսում է պատմել նաև գրավոր`

  • Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին` հաղորդելով կոնկրետ տվյալներ.
  • Մի քանի բառով նկարագրել և բնութագրել իրեն և մյուսներին.
  • Խոսքի մեջ օգտագործել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները.
  • Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը` համապատասխան մեջբերումներ անելով.
  • Բնութագրել, նկարագրել հերոսներին` օգտագործելով նոր բառեր, բառակապակցություններ.
  • Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին, պատասխանը հիմնավորել.
  • Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների վերաբերյալ.
  • Պաշտպանել սեփական կարծիքը.
  • Հարցադրումներ անել լսածի վերաբերյալ.
  • Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի մասին կարծիք հայտնել.
  • Բարդ բառեր կազմել`միացնելով մի քանի անսպասելի բառեր և բացատրել դրանց իմաստը.
  • Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել
  • Հորինել նոր, երևակայական հերոսներ, նկարագրել, բնութագրել նրանց.
  • Փոփոխել ծանոթ առած- ասացվածքները` դրանց բաղադրիչները միացնելով իրար.
  • Հորինել հանելուկներ, շուտասելուկներ, առած-ասացվածքներ, պատմություններ.
  • Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը:

Երկրորդ դասարանցին պիտի կարողանա`

  • Կարդալ և հասկանալ տեքստը.
  • Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել, ընդգծել և բացատրել.
  • Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, նախադասությունը, միտքը, հատվածը գտնել, ներկայացնել.
  • 3-5 նախադասությամբ տեղեկատվական նյութ պատրաստել այն իրադարձության մասին, որին ինքը մասնակցել է.
  • Նամակներ գրել.
  • Հրավիրատոմսեր պատրաստել.
  • Շնորհավորանքներ գրել.
  • 3-5 նախադասությունից կազմված տեքստ գրել (միտքը ձևակերպել, գրանցել. հորինած պատմությունը, նկարագրական շարադրությունը).
  • Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով .
  • Օժանդակ բայերը ճիշտ գրել (ներկա ժամանակ).
  • Հատուկ անունները գրել մեծատառով.
  • Խոսքի մեջ անընդհատ գործածվող բառերը ճիշտ գրել.

Մաթեմատիկայի 2-րդ դասարանի ծրագիր

Տարրական դպրոցի մաթեմատիկա առարկայի նպատակներն են՝

  • սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական և ալգորիթմական
    մտածողություն, կռահելու կարողություն,
  • սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս,
  • զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը,հիշողությունը,
    աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը,
  • սերմանել վստահություն սեփական ուժերի նկատամբ:

Ուսումնական գործիքներ.

Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ (ներբեռնված Smart Notebook ծրագրով), անհատական թվային գործիքներ (նոթբուք-նեթբուքեր, պլանշետ ), քանոն, մետր, ժամացույց, վայրկյանաչափ, հաշվեձողիկներ, դիդակտիկ նյութեր, համրիչներ:

Մաթեմատիկա

Առաջադրանքները նախատեսված են մաթեմատիկայի պարապմունքներին՝ սովորողների ինքնուրույն, անհատական աշխատանքը կազմակերպելու համար։

1-ին մաս՝  Մաթեմատիկա 2 — մեդիագրադրան — 1-ին մաս

2-րդ մաս՝  Մաթեմատիկա 2 — մեդիագրադրան — 2-րդ մաս

3-րդ մաս՝  Մաթեմատիկա 2 —  մեդիագրադրան — 3-րդ մաս

4-րդ մաս՝  Մաթեմատիկա 2 -մեդիագրադրան — 4-րդ մաս

5-րդ մաս՝  Մաթեմատիկա 2 -մեդիագրադրան — 5-րդ մաս

Ամբողջական փաթեթը՝  այստեղ։

Օգտագործված ռեսուրսներ՝

Մաթեմատիկա 2․ Գևորգ Հակոբյան, Անահիտ Արնաուդյան

Մաթեմատիկա 2․Սոկրատ Մկրտչյան

Մաթեմատիկական օտարալեզու կայքեր

Աղբյուրը՝ այստեղ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s