Ստեղծագործությունների ցանկ՝
Մկների ժողովը
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
― Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
― Ալո դո´ւ:
― Ալո՞ն տանի:
― Բալո դո´ւ :
― Բալո՞ն կախէ:
― Չստո, դո´ւ:
― Չստոն կաղ է :
― Մստո, դո´ւ:
― Մստոն կարճ է:
― Փստո, դո´ւ:
― Էդ էլ խի՞ղճ է:
― Համբօ, դո´ւ:
― Ես տկար եմ:
― Չամբո, դո´ւ:
― Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
― Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
― Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,―
Ճստաց Բտոն ճստճստան:
― Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,―
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
Նապաստակը
Նապաստակներն ամբողջ ցեղով
Անտառի մեջ արին ժողով:
Եվ ժողովում մի ծեր Շլդիկ
Ասավ.
- Լսե՜ք, մեծ ու պստիկ.
Շունը հաչե, Քամին փչե,
Ամպը գոռա, Մուկը ճռա,
Մեր էս ցեղը
Հա՛ կդողա:
Էսպես ապրել չի կարելի
Էս աշխարհում փորձանքով լի,
Չարն ու բարին աշխարհի հետ,
Թողնենք գնանք, լցվենք մի գետ:
Շլդիկները՝ ո՜չ այս, ոչ այն,
Ելան ընկան մահի ճամփան:
Հենց որ եկան գետին մոտիկ, Իսկույն այդտեղ մի այլ Շլդիկ՝
Էն գորտերը, մեծ ու պստիկ, — Դարձե՜ք — կանչեց, — պապիս որդիք,
Խառնիխուռը Էլ մի՜ կախեք ձեր քթերը,
Ընկան ջուրը: Մեզնից վախկոտ են գորտերը:
Ճանճը
Խոնարհ ու հեզ
Մի հոգնած եզ,
Արորն ուսին
Ճանճը պոզին
Մի իրիկուն
Գալիս էր տուն:
Մին էլ ճամփին
Մի ուրիշ ճանճ
Հենց նստածին
Ասաց. – Տո, մանչ,
Էս եզան հետ
Որտեղի՞ց էդ:
Քիթը տնկած
Ճանճը ասաց.
Մենք որտեղի՞ց.
Վարում էինք,
Վարատեղից:
Մուկն ու կատուն
Կատուն մկին
Ասաց․- Անգին,
Թե էդ ծակից
Էս ծակը գաս,
Հազար թուման
Փող կստանաս։
Պատասխանեց
Մուկը կատվին․
— Չեմ արժանի
Էդ մեծ պատվին․
Ճամփեն կարճ,
Էդքան խա՞րճ,
Շատ լավ գիտեմ
Փորդ ցավը,
Պա՞պս է տեսել
Կատվի լավը։
Աքլորն ու մարգարիտը
Օրվա մեկը մի աքլոր
Քջուջ-մջուջ անելիս
Տեսավ մի հատ մարգարիտ
Աղբի միջին փայլելիս։
Կտցեց, ասաց․-Էս ի՞նչ է,
Ինձ հարցնես՝ ոչինչ է,
Վայ տամ էն հիմարին,
Որ գին կտա էս քարին․
Իսկ ինձ համար մի գարին
Արժե էսպես հազարին։
Ագռավն ու աղվեսը
Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։
ՄՈՒԿՆ ԸՆԿԵՐԱՆՈՒՄ Է ՄԿԱՆ ՀԵՏ
Մուկն ուզում էր ուժեղ ընկեր ունենալ, բայց չգիտեր, թե ով է ուժեղը: Դիմում է արևին: Արևն ասում է.
— Ամպն է ուժեղ: Ամպն ինձ ծածկում է:
Ամպին է դիմում: Ամպն ասում է.
— Քամին է ուժեղ: Քամին ինձ քշում է:
Քամուն է դիմում: Քամին ասում է.
— Քարն է ուժեղ: Քամին քարին բան չի անի:
Քարին է դիմում.
— Մարդն է ուժեղ: Մարդն ինձ ճեղքում է:
Մարդուն է դիմում: Մարդն ասում է.
— Ցորենն է ուժեղ: Առանց ցորենի ես կմեռնեմ:
Ցորենին է դիմում: Ցորենն ասում է.
— Մուկն է ուժեղ: Մուկն ինձ ուտում է:
— Որ էդպես է, ուրեմն ուժեղը մուկն է: Ես էլ մկան հետ կընկերանամ,- ինքն իրեն ասում է մուկը: