Բանաստեղծություններ
Աքաղաղն ու կտուրը
Աթաբեկ Խնկոյան
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
Փիսոն
Հովհաննես Թումանյան
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։
Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։
Լուսաբացին
Հովհաննես Թումանյան
Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,
Զարթնեց մթում ծիտը ծառին.
Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։
— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։
Շունը
Հովհաննես Թումանյան
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։
Բութ մատն ասաց․
Ժողովրդական խաղիկ
Բութ մատն ասաց.
— Գայլը ելավ,
Ցուցամատը`
— Ո՞րտեղից եկավ,
Միջնամատը`
— Սարից եկավ,
Մատնեմատը`
— Եկեք փախչենք,
Ճկույթիկը`
— Պստլիկ եմ, ճստլիկ եմ, ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:
Ծիտն ու բազեն
Ղազարոս Աղայան
Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
— Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
— Հե՛ — հե՛ — հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ — հա՜ — հա՜…
Առավոտը գյուղում
Ղազարոս Աղայան
Արեգակը դուրս է եկել
Պսպղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կչկչում է
Ծլվլալով.
Ձորում առուն քչքչում է
Վշվշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:
Մեղու
Աթաբեկ Խնկոյան
Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
Հեքիաթներ
Ծիտը
Հովհաննես Թումանյան
Լինում է, չի լինում մի ծիտ:
Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է․
— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում:
Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ:
Պառավն ասում է.
— Փուշը թոնիրն եմ գցել:
Ծիտը կանգնում է, թե՝
— Իմ փուշը ետ տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ:
Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշն առնում է թռչում:
Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.
— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում: Ա’յ, լոշը ա’ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ է գալի, թե՝ լոշս տուր:
Հովիվն ասում է.
— Կերա:
— Չէ, — ասում է, — իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ դուրս թռչեմ:
Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է թռչում:
Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն:
Ասում է.
— Ի՞նչ եք մոլորել: Ա’յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի, թե՝ իմ գառը տվեք:
Ասում են.
— Մորթել ենք կերել, որտեղի՞ց տանք:
Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:
Ու հարսին առնում է թռչում:
Գնում է, գնում. գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է:
Ասում է.
— Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե՝ իմ հարսը ինձ տուր:
Աշուղը ասում է.
— Հարսը գնաց իրենց տուն:
Սա թե՝ չէ, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ:
Աշուղը սազը տալիս է իրեն:
Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում ածել ու ճտվտալով երգել.
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծիվ, ծիվ:
Մեկ էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնաց, հեքիաթն էլ վերջացավ:
Ճամփորդները
Հովհաննես Թումանյան
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։
— Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,- հարցրեց վերևից բակում պառկած շանը։
— Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին։
— Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։
Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։
Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
— Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսն ու վազեց։
— Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
— Գնում ենք աշխարհ տեսնելու,- պատասխանեց աքլորը։
— Օ՜, ինչ լավ բան եք մտածել,- խոսեց աղվեսը։- Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
— Ես համաձայն եմ,- ասավ աքլորը, — տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։
— Ո՞րտեղ է ընկերդ։
— Էն թփի տակին։
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,- մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
— Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,- ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։
Ով աշխատի, նա կուտի
Ռուսական հեքիաթ
Մի տնակում ապրում էին մուկիկը, ծիտիկը և հավիկը:
Մի օր քուջուջ անելիս հավիկը մի հատիկ գտավ ու կանչեց.
— Հատիկ եմ գտե՜լ, հատիկ եմ գտե՜լ: Ո՞վ կտանի աղալու:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Ի՞նչ աներ հավիկը: Հատիկը ջրաղաց տարավ, աղաց:
— Ալյուրն ո՞վ տուն կտանի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց ծիտիկը:
— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:
Հավիկը ալյուրը շալակեց, տուն տարավ:
— Ո՞վ խմոր կանի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Հավիկը խմոր հունցեց:
— Թոնիրը ո՞վ կվառի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց ծիտիկը:
— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:
Հավիկը թոնիրը վառեց:
— Հացն ո՞վ կթխի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Հավիկը հացը թխեց, դրեց սեղանին:
— Հացն ո՞վ կուտի, — հարցրեց հավիկը:
— Ես, — գոչեց ծիտիկը և մոտեցավ սեղանին:
— Ես, — գոչեց մուկիկը և մոտեղցավ սեղանին:
Հավիկը նրանց սեղանից հեռացրեց և ինքը մենակ կերավ հացը:
Երկինքը փուլ է գալիս
Լինում է, չի լինում` մի Ճստիկ-ճուտիկ:
Էս Ճստիկ-ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ-ճուտիկը վախեցած դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ-Մարիկին:
— Վայ, Հավիկ-Մարիկ,- կանչում է հետևից,- երկինքը փուլ է գալիս:
— Ա՛յ, Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հավիկ-մարիկը:
— Օ՜, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, արի փախչենք,- ասում է Հավիկ — Մարիկը:
Վազում են, վազում, հասնում են Բադիկ-Տատիկին:
— Վա՜յ, Բադիկ-Տատիկ,- կանչում է Հավիկ-Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:
— Ա՛յ, Հավիկ — Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
— Ճստիկ — ճուտիկն է ասում:
— Ա՛յ, Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
— Օ՜, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, եկեք փախչենք,- ասում է Բադիկ — Տատիկը։
Վազում են, վազում, հասնում են Սագիկ — Խաթունին:
— Վա՜յ, Սագիկ-Խաթունը,- կանչում է Բադիկ-Տատիկը,- երկինքը փուլ է գալիս։
— Ա՛յ, Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
— Հավիկ-մարիկն է ասում:
— Ա՛յ, Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
— Ճստիկ-ճուտիկն է ասում:
— Ա՛յ, Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
— Օ՜, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, եկեք փախչենք,- ասում է Սագիկ-Խաթունը։
Վազում են, վազում, հասնում են Հնդու-Թնդուին:
— Վա՜յ, Հնդու-Թնդու,- կանչում է Սագիկ-Խաթունը,- երկինքը փուլ է գալիս:
— Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հնդու-Թնդուն:
— Բադիկ-Տատիկն է ասում:
— Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
— Հավիկ-Մարիկն է ասում:
— Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
— Ճստիկ-Ճուտիկն է ասում:
— Ա՛յ Ճստիկ–Ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
— Օ՜, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, եկեք փախչենք,- ասում է Հնդու-Թնդուն:
Վազում են, վազում, հասնում են Աղա-Աղվեսին:
— Աղա-Աղվես, Աղա-Աղվես,- կանչում է Հնդու-Թնդուն,- երկինքը փուլ է գալիս:
— Ա՛յ Հնդու-Թնդու, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Աղա- Աղվեսը:
— Սագիկ-Խաթունն է ասում:
— Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար:
— Բադիկ–Տատիկն է ասում:
— Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
— Ճստիկ- Ճուտիկն է ասում:
— Ա՛յ Ճստիկ-Ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
— Օ՜, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ:
— Էդ ի՞նչ եք ասում,- ասում է Աղա-Աղվեսը,- եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա:
Ճստիկ-Ճուտիկը, Հավիկ-Մարիկը, Բադիկ-Տատիկը, Սագիկ-Խաթունը, Հնդու-Թնդուն բոլորը միասին ընկնում ենԱղա-Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը:
Մտնում են նրա որջը ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ դուրս չեն եկել:
Պոչատ աղվեսը
Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի:
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։ Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Պառավն ասում է.
— Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է կովի մոտ.
— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կովն ասում է.
— Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ։
— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.
— Դե գնա ինձ համար ջուր բեր։ Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։
— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Աղբյուրն ասում է.
— Դե գնա կուժ բեր։ Աղվեսը գնում է աղջկա մոտ։
— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Աղջիկն ասում է.
— Դե գնա ուլունք բեր ինձ համար։ Աղվեսը գնում է չարչու մոտ։
— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Չարչին ասում է.
— Դե գնա ինձ համար ձու բեր։ Աղվեսը գնում է հավի մոտ։
— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Հավն ասում է.
— Դե գնա ինձ համար կուտ բեր։ Աղվեսը գնում է կալվորի մոտ։
— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում: