Ա․Խնկոյան «Ծիածան»
Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտվեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:
Ղ․Աղայան «Խխունջ »
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:
Լուսին, լուսին, լուսերես /Խնկո Ապեր/
Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:
Ղ․Աղայան «Մանուշակ»
Ասա՛ ինձ, մանուշա՛կ,
Ինչու՞ ես այդպես շուտ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:
— Ես չունեմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատի,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:
Գարուն—
Աթաբեկ Խնկոյան
Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Շոկոլադե ճանապարհը /Ջաննի Ռոդարի /
Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:
-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:
– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը: Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
_Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
– Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու սկսեցին ագահորեն ուտել: Իսկի սայլից էլ բան չմնաց, անիվներն էլ կերան:
Մարտ
Հովհաննես Թումանյան
Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։
Կռունկ
Հովհաննես Թումանյան
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։
Ալիսա գլդորիկ /Ջաննի Ռոդարի /
Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին: Ինչու՞ է կոչվում «Գլորի՞կ». Որովհետև նա շարունակ գլորվում ընկնում էր, շարունակ ու ամեն տեղ:
Մի անգամ պապիկը փնտրում էր նրան, որ տանի պարտեզ.
– Ալի՜սա… որտե՞ղ ես, Ալի՜սա:
– Ես այստեղ եմ, պապիկ:
– Ո՞րտեղ-այստեղ:
– Զարթուցիչի մեջ:
Այո՛, երևակայիր, զարթուցիչի մեջ էր…Նա ցանկացել էր իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնպե՜ս սաստիկ էր ցանկացել, այնպե՝ս սաստիկ, որ բացել էր ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Եվ հիմա նա ստիպված էր շարունակ ցատկոտելանիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք անդադրում պտտվում էին կրկնելով՝ «Տի՛կ-տա՛կ, տի՛կ-տա՛կ…»:
Իսկ մի ուրիշ անգամ էլ պապիկը կանչեց նրան նախաճաշի.
– Ալի՜սա… Որտեղ ես, Ալի՜սա…
– Ես այստեղ եմ, պապիկ:
– Ո՞րտեղ-այստեղ:
– Դե այստե՛ղ եմ, հենց կողքիդ… Շշի մեջ…
– Ինչպե՞ս դու ընկար այդտեղ:
– Ես շատ ծարավեցի, իսկ հետո, երբ ուզեցի շշից ջուր խմել, հանկարծ՝ թրը՛մփ… Եվ ընկա մեջը…
Այո՛, նա ընկավ շշով ջրի մեջ, և հիմա ստիպված է շարունակ ոտքերը շարժել ու ձեռքերով թիավարել, որպեսզի չխեղդվի: Դեռ լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ, այնտեղ սովորել էր գորտի նման լող տալ:
– Դե մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապիկը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Ահա հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ թե որքան օգտակար է մարմնամարզությամբ պարապելը։
Իսկ մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապիկն էր նրան փնտրում, ե՛վ տատիկն էր նրան փնտրում, ե՛վ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն, պապիկի լրագիրը կարդալու և այդպիսով քառասուն լիրա տնտեսելու:
– Տեր Աստված, այ քեզ դժբախտությու՜ն,- շշնջում էր սարսափահար տատիկը: -Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
-Ալի՜սա… Ալի՜սա… Ո՞րտեղ ես… Ալի՜սա…
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում, և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով ճանապարհորդելիս, նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն արկղի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել արկղի մեջ, և, իհարկե, գլորվեց ներս: Գլորվեց ու… քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ քաշեց, դե, ու՞մ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց նա բոլորովին էլ չվախեցավ. Մի անգամ նա գլորվեց լվացարանի խողովակը, այ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»:
Բայց ինչպե՞ս կարող էր մեկն ու մեկը մտածել ընթրիքի մասին, երբ կորել էր Ալիսան: Դե, իհարկե, ոչ ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրիկն ու մայրիկը, նրանք բարկացան տատիկի ու պապիկի վրա:
– Այդպե՞ս եք դուք երեխա խնամում:
– Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,- առարկեցին պապիկն ու տատիկը: – Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ, մահճակալից էին ցած ընկնում, բայց դրանից ոչ մի առանձին վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Մինչ այդ, Ալիսան սպասելուց ձանձրացավ. նա մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել հատակը:
«Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»
– Սսս…,- ասաց հայրիկը,- կարծես ինչ-որ տեղ թակում են:
Իսկ Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել:
«Թը՛խկ… թը՛խկ… թըխկ…»
Եվ դուք պետք է տեսնեիք, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…
Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց հանգամանքից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Եվ երբ հանում էին նրան այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:
Խխունջ խանում
Ղազարոս Աղայան
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:
Ժամացույց
Աթաբեկ Խնկոյան
Ա՛յ ժամացույց, ժամացույց,
Դու չե՞ս հոգնում խոսելուց.
Մի բերան հա՝ թիկ, հա՝ թակ,
Բա դու չունե՞ս մի տատիկ,
Որ քեզ ասի՝ սո՛ւս արա,
Գլուխներս դու տարար,
Հերի՛ք խոսես ու շարժես
Աչքերդ ճոճանակ,
Քո չափ թե որ ես խոսեմ,
Տատն ինձ կասի չաչանակ։
Ծիածան
Աթաբեկ Խնկոյան
Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:
Շնորհակալությունը, ներեցեքն ու խնդրեմը
Դոնալդ Բիսեթ
Մի օր Խնդրեմն ու Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկն սկսեց դժգոհել իր բախտից:
– Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:
Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:
– Ներեցեք, որտե՞ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք: Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք, նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք:
– Շնորհակալություն, բայց արդարություն չկա,– համաձայնեց Շնորհակալությունը,– մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա՛ շնորհակալություն , ասա՛ շնորհակալություն…
Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:
– Ես էլ եմ նույն վիճակում,– հոգոց է հանում Խնդրեմը,– ավտոբուսում, փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց բոլորովին ուժերս հատել են:
Խնդրեմը խոսելով հետ–հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:
– Վա՜յ, ների՛ր ինձ:
– Հիմա էլ՝ դո՞ւ,– բարկացավ Ներեցեքը,– չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:
– Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:
– Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանաք, կխաղանք և՝ ոչ մի աշխատանք: Թող մեկ շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան: Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:
Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին, որ իրենց ներեն, ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին քաղաքավարի լինել, ասում էին՝ խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով հանգստանալու: