Դովլաթ, սարն ես, ձորն ես, Ո՞ր թփի տակ ես։ Արի տեսնենք ու՞մ բաժինն ես ։
Օրը՝ 10․03․2021
Վայրը՝ Հյուսիսային դպրոց, ընտանեկան դպրոցներ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողներ, տատիկներ, մայրիկներ
Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։ Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում։
Կուկլի բաղարջ կշաղինք,
Ծեծած կամպետով շաղինք,
Մեջ լէ չիր, չամիչ հլնանք,
Ընկզի կթուն չմոռնանք:
Օսկի մատնիք մեջ թալինք,
Տարին թունդրի մեջ կողինք,
Քառասուն մանկան աղոթինք,
Չալիկ դանկով բար կտրինք:
Նպատակ՝
ուսումնասիրել ազգային խոհանոցը
ձեռք բերել խոհարարական հմտություններ
ծիսական ուտեստների ճանաչում
խոհանոցում աշխատելու կարողությունների ձեռքբերում
Ընթացքը՝ Սովորողը տատիկի կամ մայրիկի հետ պատրաստում է ծիսական գաթան, յուրաքանչյուրը ներկայացնում է իր բաղադրատոմսը և խորհուրդը։ Միջինքի գաթան պատրաստելուց հետո տատիկը կամ մայրիկը կատարում է Միջինքի կտրելու արարողությունը։Տեսանկարել արարողությունը և ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին՝ rozikyan@mskh.am