Հովհաննես Թումանյանի հեքիաթները
Ղազարոս Աղայանի մանկական պատմվածքները
Աթաբեկ Խնկոյանի առակները
Դ․Բիսեթի հեքիաթները
Ճուտիկը
Լինում է, չի լինում, մի պստիկ ճուտիկ է լինում։ Բայց նա կարծում էր, որ ինքը մե՜ծ է, շա՜տ մեծ է: Երբ ման էր գալիս բակում, փքվում էր, գլուխը բարձր պահում: Ճուտիկը մայրիկ ուներ: Անունը՝ Չալիկ՝ սիրո՜ւն, չաղլի՜կ: Չալիկը ճուտիկին շատ էր սիրում: Նրան կերակրում էր որդերով: Մի անգամ Չալիկի վրա հարձակվեց սևուկ փիսիկը և քշեց նրան մինչև լճի ափը: Ճուտիկը մնաց ցանկապատի մոտ կանգնած: Հանկարծ նա տեսավ, որ աքլորը թռավ ցանկապատի վրա, թևերը թափ տվեց, վիզը ձգեց: Եվ բարձր ձայնով կանչեց՝ ծո՜ւղ-րո՜ւ-ղո՜ւ: Հետո դես ու դեն նայեց ու ասաց. Մի՞թե ես քաջ չեմ, մի՞թե լավը չեմ: Այս բանը ճուտիկին շատ դուր եկավ: Ինքն էլ վիզը ձգեց: Եվ ամբողջ ուժով ծլվլաց. Պի՛-պի՛-պի՛-պի՛: Ես էլ եմ քաջ, ես էլ եմ լավը: Բայց սայթաքեց և ընկավ ջրով լի փոսը: Գորտը տեսավ ճուտիկին, ծիծաղեց. Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛: Ա՛յ պստլիկ, ա՛յ ճստլիկ ճուտիկ, դու ո՜ւր, աքլորն ո՜ւր:
Ղազարոս Աղայան․ Արևի ճառագայթները
Պայծառ արևը բարձրացավ երկինք և ոսկեփայլ ճառագայթները տարածեց երկրի վրա, որ արթնացնի քնածներին: Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա: Արտույտը թպրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց երգել բարձրաձայն.
– Ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ-ճիլի՜-վիլի՜, վո՜ւտ-վո՜ւտ, վո՜ւտ-վո՜ւտ-վո՜ւտ, ճը՜ռռ… որ մեր լեզվով նշանակում է` ինչքան լավ է առավոտ վաղ վեր կենալը, և ինչքան դուրեկան է թարմ օդ ծծելը:
Երկրորդ ճառագայթը նապաստակի վրա ընկավ: Նապաստակն ականջները խլշացրեց, նայեց դես ու դեն, ցատկոտելով մտավ ցողաթաթախ կանաչուտը և սկսեց նախաճաշիկ անել մեղրածոր խոտերով: Երրորդ ճառագայթը հավաբունն ընկավ: Աքաղաղը թափ տվեց թևերը և կանչեց` ծուղրուղո՜ւ…ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ: Կանչեց աքաղաղը հավերին, որ ցած իջնեն թառերից և առավոտվա նախաճաշիկն անեն: Հավերը ցած թռան, կչկչացին և աքաղաղի հրավերով սկսեցին քուջուջ անել: Չորրորդ ճառագայթը փեթակի վրա ընկավ: Մեղուները տաքացան ու դուրս ընկնելով` դես ու դեն թռան տզտզալով, որ մեղրածոր ծաղիկներից իրենց սնունդը ստանան:
ՈՎ ԱՇԽԱՏԻ, ՆԱ ԿՈՒՏԻ (ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ) Читать далее «Հեքիաթներ, պատմվածքներ, առակներ» →