Рубрика: Վերապատրաստում

«Ծեսը ուսումնական նախագիծ» հետազոտական աշխատանք

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Մասնագիտություն՝ Դասվար

Թեմա՝ Ծեսը ուսումնական նախագիծ

Կատարող ՝ Լիանա Ռոզիկյան

Ղեկավար՝ Նառա Նիկոսյան

Երևան 2022

Բովանդակություն

Ներածություն

Բաժին 1    Տոնացույցային ծեսերի իրականացումը «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում

Բաժին 2 Կրթահամալիրի կողմից ստեղծված ծեսեր, տոներ

Եզրակացություն

Օգտագործվող գրականության ցանկ

Ներածություն

Այսօր մեր հասարակությունը հայտնվել  է այն իրավիճակում, երբ իր ազգային գոյությունը շարունակելու երաշխիքներից մեկի՝ ազգային մշակույթի  գիտակցված ընկալումը դարձել է առաջնային խնդիր։  Խնդիրները հաղթահարելու կարևորագույն միջոցներից մեկն է՝ ծեսը դարձնել ուսումնական գործընթացի կազմակերպման մի ուղղություն։  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2014 թվականից հեղինակային կրթական ծրագրով և հաստատված  ուսումնական օրացույցով իրականցվում է ծեսով ուսուցում։ «Ծեսը ուսումնական գործընթացի արդյունավետ միջոց» շուրջտարյա  նախագծի շրջանակում  կրթահամալիրում իրականացվում է  թե՛ տոնացույցային,  թե՛ կրթահամալիրի կողմից ուսումնական նպատակով իրականացվող, հեղինակային մանկավարժների կողմից ստեղծված բազմաթիվ  ծեսեր։

Ծեսով ուսուցումը իրականացվում և  նախագծերը  կազմվում են ըստ՝

  • Կրթահամալիրի ուսումնական օրացույցի
  • ՀՀ տոնածիսական օրացույց՝ եկեղեցական, ժողովրդական տոների
  • Կրթահամալիրի կողմից ուսումնական նպատակով իրականացվող, կրթահամալիրի կողմից ստեղծված ծեսերի, տոների շրջանակում։

 Հետազոտության արդիականությունը

Հետազոտության արդիականությունըպայմանավորված է ծեսերի կարևորության ընդգծմամբ, որը խթանում է սովորողների մոտ ազգային մշակույթի յուրացումը,  պահպանումը, տարածումը և ճաշակի ձևավորումը։

Հետազոտության նպատակը

Մշակել, ներկայացնել կրթահամալիրում իրականացվող տոնացուցային և կրթահամալիրի օրացույցով հաստատված հեղինակային  ծեսերի  նպատակները, խնդիրներն ու արդյունքները։ Հետազոտական աշխատանքումս երևալու են  ծեսի բազմաթիվ շերտերը, որոնք պահանջում են տեխնոլոգիական, հայրենագիտական, բնագիտական, երաժշտական, մարզական, պատմական, լեզվական, ծնողական լրացուցիչ կրթության լուծումներ: 

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը՝

Հետազոտական աշխատանքս բաղկացած է երկու բաժնից, առաջին բաժնում իմ մանկավարժական փորձի հիման վրա ներկայացրել եմ կրթահամալիրում իրականացվող տոնացույցային ծեսերը, որոնք բերված են նախագծային տեսքի, իսկ  երկրորդ բաժնում ներկայացրել եմ  հեղինակային կրթական ծրագրով,  հաստատված  ուսումնական օրացույցով իրականցվող  հեղինակային ծեսերը ։ Հետազոտական աշխատանքը հիմնված է իմ մանկավարժական փորձի վրա, որի մեկնարկը եղել է «Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների հետ։ Տարի ընթացքում զարգացում ապրելով, ծեսերը, ազգային խաղերը դարձել են մեր ամենօրյա կենսակերպը։ Հետազոտական աշխատանքում հստակ երևում է այդ զարգացումը՝ 5 տարեկաններից մինչև 3–րդ ուսումնական տարի։ Այսօր, բաց չթողնելով այդ կենսակերպը շարունակում եմ 2022–2023 ուս․ տարվա «Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների հետ։

Գլուխ 1

Տոնացույցային  ծեսերի իրականացումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Ծեսերը մշակույթի պահպանման և փոխանցման մեջ կարևոր դեր և նշանակություն ունեն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիում  ծեսերն իրականացվում են նախագծային ուսուցմամբ։ Նախագծի նպատակը տոնը, ծեսը երեխայինը դարձնելն է, ով կլինի ոչ միայն մասնակից, այլ նաև փոխանցող։ Երեխան ծեսը յուրացնում է քայլ առ քայլ, ամենօրյա արդյունավետ գործունեությամբ։

       Ծեսով ուսուցումը իրականացվում է ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ՀՀ տոնածիսական օրացույցի՝ եկեղեցական, ժողովրդական տոների, կրթահամալիրի կողմից ստեղծված ծեսերի և տոների։    Նախագծերն ունեն հստակ ձևակերպված նպատակ, խնդիր, ակնկալվող արդյունքներ։ Նախագծերում հատկապես  կարևորում եմ  միջառարկայական կապերը որոնք պահանջում են տեխնոլոգիական, լեզվական, մաթեմատիկական, ճամփորդական,  խոհանոցային հմտությունների ձեռքբերում։   Ծեսով ուսուցումը հեղիանակային մանկավարժի համար հետազոտման, նախագծային ուսուցման ուսումնասիրման լայն հարթակ է։

 2008 թվից մինչ կրթահամալիրում լինելս «Տոնացույց» ժողովրդական թատրոնում լինելով ծանոթացել, իրականացրել և գրանցել եմ մի շարք ազգային տոներ ու ծեսեր։ Կրթահամալիրը այն հարթակն էր, որն ինձ հնարավություն տվեց ձեռքբերումներս փոխանցել սովորողներիս։

 Առաջին ծեսը, որն իրականացրել եմ կրթահամալիրում՝ Կաղանդի ծեսն էր, որը շատերին հայտնի էր «Ամանորի ծես» անվանմամբ։  Նախագծում կարևորել էի մոռացության մատնված ավանդույթների վերհանումն ու տարածումը։  Նախագծի  նպատակներն էին՝

  • Մոռացված ավանդույթների վերհանում
  • Ազգային մշակույթի յուրացում
  • Կաղանդի ծիսական ուտեսների պատրաստում, ծանոթացում
  • Ծիսական երգերի, պարերի յուրացում։

Իմ առջև դրել էի խնդիր` ծեսը ներկայացնել  և սովորողներիս հետ իրականացնել իր ողջ ծիսահամակարգով։  Նախագծի ընթացքում սովորողներիս ներկայացրեցի ծիսական խաղերը, ավանդույթները, ծիսական խոհանոցը։  Եվ առաջին գործն եղավ Կաղանդի ծառ զարդարելը․ հնուց ի վեր եղևնու փոխարեն Ամանորին հայերը զարդարել են  Կաղանդի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ, բացարձակապես բնական։ Աննկարագրելի էր սովորողներիս ոգևորությունն ու հրճվանքը։ Մեր դասարանական տոնական ծառը Կաղանդի ծառն էր, որը զարդարել էինք անուշեղենով։ Դա դարձավ դասարանական ավանդույթ, յուրաքանչյուր տարի տոնածառի փոխարեն մենք զարդարում էինք ավանդական Կաղանդի ծառը։ Կաղանդի ծառից անցում կատարեցինք ծիսական ուտեստներին, պատրաստեցինք ծիսական Տարեհաց։ Ամբողջ ծեսն ընթանում էր ծիսական երգերով և բարեմաղթանքներով։ Հատկապես կարևորում եմ այն փաստը, որ շատ ծնողներից արձագանք ստացա ծեսն իրենց տուն հասնելու մասին։ Շատերը ընտանեկան դպրոցներում զարդարել էին Կաղանդի ծառը, պատրաստել էին ծիսական ուտեսներ և միմյանց շնորհավորում էին ծիսական մաղթանքներով և երգերով։ Ծեսերը սիրելու, յուրացնելու կարևոր գործում մեծ դեր և նշանակություն ունի  մեր դպրոցի երաժիշտ Հասմիկ Մաթևոսյանը, ով մեծ սիրով և պատրաստակամությամբ   օգնում է իրականացնել յուրաքանչյուր գաղափար ու նախագիծ։ Կաղանդի ծեսից անցում կատարեցինք Բարեկենդանի ծեսին։ Բարեկենդանի ծեսի նպատակը բարեկենդանյան  մոռացված խաղերի յուրացումն ու վերհանումն էր։  Հասմիկ Մաթևոսյանի Բարեկենդանի ծես՝ Թարս հարսանիք նախագծի շրջանակներում, սովորողները հասցրեցին յուրացնել մի շարք ազգային խաղեր, խաղերգեր։ Տպավորիչ արդյունքներ ունենալուց հետո ծեսերը դարձան իմ ուսումնական նախագծերի բաղկացուցիչ մաս։ Ուսումնասիրեցի և իմ դասարանական օրացույցի մեջ ավելացրեցի  ՀՀ տոնացույցային ծեսերը, որոնք իրար շարունակելով  սովորողներիս հետ իրականացնում էինք։  Ըստ տոնացույցի Բարեկենդանի ծեսին հաջորդում են Մեծ պահքի յոթ շաբաթները։ Երկրում տիրող համաճարակային պայմաններում ընդհատվեցին ֆիզիկական միջավայրում իրականացվող ուսումնական նախագծերը,  Միջինքի ծեսն  որոշեցի իրականացնել ընտանեկան դպրոցներում։ Նախագիծը փոխանցվեց  ոչ միայն  մեր դպրոցի սովորողների ընտանիքներում, այլ նաև տարածում ունեցավ այլ դպրոցի սովորողների ընտանիքներում։                          Մի շարք  ուսումնասիրությունների արդյունքում Մեծ պահքի Ավագ շաբաթը բերեցի նախագծային տեսքի։ Նախագծի  նպատակը՝ սովորողների հետ  վերականգնել և իրականացնել Ավագ շաբաթվա ազգային ավանդույթները։  Սկսեցինք Ավագ երկուշաբթիից, որը ջաղացպանների օրն էր համարվում,  և ըստ ավանդույթի այդ օրը բոլորը ցորեն էին աղում։ Հաջորդ օրը՝ Ավագ երեքշաբթիին կարագ էին պատրաստում և ազգային խաղերից խելոքն ու իմաստուն խաղն էին խաղում։ Չորեքշաբթի օրը չարն էին քշում․ այս ավանդույթը նույնիսկ փոխանցվեց ընտանեկան  դպրոցներին, որտեղ,  օգտագործելով իրենց տեխնոլոգիական հմտությունները, պատրաստել էին չարխափաններ։ Այս ծիսական շարքն ավարտվեց Զտկածեսով։  Տեխնոլոգիական հմտությունները գործի դնելով պատրաստեցինք Զատկի  գալստյան խորհրդանիշ  Ուտիս տատ  տիկնիկին։  Նախագիծը իր մեջ ուներ միջառարկայական շատ կարևոր կապեր՝ տեխնոլոգիական, հետազոտական, լեզվական,  իսկ տարիների ընթացքում զարգացում տալով նախագիծը դարձավ ճամփորդական՝ «Զատկածեսը Բյուրականում», որի ընթացքում համագործակցեցինք «Տոնացույց» ժողովրդական թատրոնի հետ։ Երբ սովորողին ծեսը մատուցվում է նմանօրինակ, սովորողը ինքը դառնում է մասնակից անհնար է, որ երբևէ որևէ սովորող չի սիրի և չի պահպանի ազգային տոներն ու ծեսերը։ Զատկածեսին հաջորդեց Համբարձման ծեսը։   Համբարձման ծեսի  նախատոնակը նշեցինք «Տոնացույց» ժողովրդական թատրոնի Թամար տատի հետ՝ պատրաստեցինք  Վիճակի ծիսական տիկնիկին։

 Ունենալով հետաքրքիր ճամփորդական փորձ, Համբարձման ծեսը կազմակերպեցինք ճամփորդությունով, 2021թ–ին ճամփորդեցինք Արագածոտնի մարզ գ․Բյուրական, իսկ  այս տարի նախագիծն  իրականացրեցինք Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ Ծեսը լայն տարածում ունեցավ երկու գյուղերում էլ, քանի որ  ոչ միայն ծնողն ու սովորողն  էր ծեսի մասնակիցն ու իրականացնողը,  այլ նաև գյուղերի  բնակիչները։ Նախագծի խնդիրը ազգային մշակույթի տարածումն էր, գյուղի բնակիչների հետ ծեսի վերականգնումը և բնակիչներին մասնակից դարձնելը։ Մեր առջև դրված խնդիրը մենք լիարժեք կատարեցինք։

Այսպիսով՝ հայ ժողովրդական ծիսական համակարգի ավանդական ծեսերն իրենց բացառիկ կարևոր տեղն ու դերն ունեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Այսպիսի նախագծերի  արդյունքում սովորողը յուրացնում է հայկական տարբեր տարածաշրջաններին բնորոշ երգերը,  պարերը, ծիսական խոհանոցը, ծիսական գործողությունների առանձնահատկությունները, բարբառը, հանդերձանքը։ Զարգանում են սովորողի ստեղծագործելու ունակությունը, երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը, շարժունակությունը, վարքը, ակտիվությունը, անկաշկանդվածությունը, ինքնուրույնությունը, ճանաչողությունը և  այլ հմտություններ ու կարողություններ: Այս բազմազանությունից ծնվում և ստեղծվում են ուսումնական նոր նյութեր։

Բաժին 2

Կրթահամալիրի կողմից ստեղծված ծեսեր, տոներ

Ծեսերի և տոների՝ կրթահամալիրում իրականացումը  նպատակ ունի դրանք սովորողին հասանելի դարձնել, սովորողն իրեն մասնակից և փոխանցող զգա։ Սովորողի համար ծեսը դառնում է իրական ուսումնասիրության և հետազոտության աղբյուր, ամրապնդում է միջառարկայական, համագործակցային կապերը։ Այն ստեղծում է հետաքրքրության մեծ դաշտ հետազոտության,  տեղեկությունների հավաքագրման, գրառման, հորինելու, ստեղծելու և այլնի համար: Ծեսերը, տոները միավորում են և ստեղծում սովորող, ծնող, ուսուցիչ համայնքային կապը:

Կրթահամալիրը, լինելով ստեղծական դպրոց, ուսումնական նպատակով իրականացնում է  կրթահամալիրի կողմից ստեղծված բազմաթիվ  տոներ ու ծեսեր։  Ծեսով ուսուցումը դպրոցում  ընթանում է 

  • Ընդհանուր պարապմունքների
  • Ուրբաթ–պարապմունքների
  • Ճամփորդությունների
  • Կրթական փոխանակումների
  • Սովորող-սովորեցնող նախագծերի ընթացքում։

«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում իրականացնում ենք Թթուդրիկի ծեսը։ Նախագիծը ուսումնական գործունեություն է և ընդգրկում է միջառարկայական բոլոր կապերը։ Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզվի, հետազոտության թեման  թթուդրիկի նախագիծն է։  Մաթեմատիկական գործունեության ընթացքում հաշվում, համեմատում, կշռում և տեսակավորում ենք բանջարեղենները, իսկ ամենավերջում հորինում թթվային խնդիրներ։ Մայրենիի ընթացքում գործի  դնելով ստեղծագործական միտքը հորինում  ենք բանջարեղենային հորինուկներ,   զարգացնում ենք մեդիատեխնոլոգիական հմտությունները։  Թթուդրիկի ծեսին մասնակից են լինում նաև ծնողներն ու տատիկները։  Նախագիծը ունենալով տարածում՝ փոխանցվում է նաև ընտանեկան դպրոցներին։
Թթուդրիկի ծեսին հաջորդում է Հարիսայի ծեսը։   Հարիսայի ծեսի օրը որոշվում է ըստ կրթահամալիրի օրացույցի։ Օրը մեկնարկում ենք վաղ առավոտյան դպրոցի ծիսական օջախի մոտ, որտեղ պատրաստվում է հարիսան։ Հարիսան պատրաստվելուց հետո,  տանում ենք եկեղեցի, որտեղ քահանան օրնություն է  կատարում։ Ծեսին մասնակցում է ողջ սեբաստացիական համայնքը, ծեսն ուղեկցվում է ազգային երգ ու պարով։

    Կրթահամալիրյան հեղինակային ծեսերից  կարևորագույն նախագծերից  մեկը Լավաշթխիկի ծեսն է։ Նախագծի նպատակը ազգային մշակույթի յուրացումն է իրականացվող ծեսի միջոցով։  Որպես նախապատրաստական աշխատանք, սովորողներին փոխանցում ենք ցորենի, հացի, լավաշի, մասին տեղեկատվական նյութեր, ավանդազրույցներ, որոնք ամրապնդում ենք զրույց–քննարկումներով։ Լեզվագործունեության ընթացքում հորինում ենք հանելուկներ, պատմություններ լավաշի մասին։  Սովորողներին ծանոթացնում ենք ցորենից–ալյուր, ալյուրից –խմոր, խմորից–լավաշ պատրաստման ընթացքին։  Սովորողը մինչև Լավաշթխիկի ծեսն իրականացնելը, անցնում է  նախապատրաստական փուլեր։ Դասարանում ցորեն ենք ցանում, և դիտարկում՝ ե՞րբ է ծիլ տալիս, ինչպես է ծիլը վերածվում ցողունի և հասկ դառնում։ Նախագծի  նպատակներից մեկը ծիսական երգերի յուրացումն է։ Լավաշթխիկի յուրաքանչյուր գործողություն ունի իր երաժշտական  կատարումը, ինչպիսիք են՝

  • Ցորեն եմ ցանել
  • Ջաղաց մանի մանի
  • Տատիկ զալուր կմաղեր
  • Գունդ անեմ
  • Քուրիկ Զիզի թոնիր վառե
  • Հաց կթխեմ

Այս երաժտական ցանկը տեսնելով, ունկնդրելով, բառերը յուրացնելով սովորողը հստակ պատկերացում է ունենում հացի արարման ողջ ընթացքի մասին։ 

Կրթահամալիրյան օրացույցի հաջորդ ծեսը Դդմածեսն է։  Նախագծի նպատակը սպասվելի Ղափամայի ծեսին պատրաստվելն է։  Նախագիծն իրականացնում ենք մի քանի ուղղություններով՝

Դդմածեսին հաջորդեց Ղափամայի ծեսը, որն այս տարի  իրականացրեցինք Կոտայքի մարզ գ․ Զովաբերում։

    Կրթահամալիրյան հեղինակային նախագծերից է նաև «Խաղողածես, խաղողագովք» ուսումնական նախագիծը։ Նախագծի նպաըակը ուսումնական, ճանաչողական է։ Սովորողներն ունկնդրում և յուրացում են խաղողաքաղի, խաղող ճզմելու ծիսական երգերը։ Որպես նախապատրաստական աշխատանք ուսումնասիրում ենք խաղողի տեսակները, գույնը, համը, ազգային խաղերը։ 

     Բավականին տարբերվող և հետաքրքիր է էրիշտայի ծեսը, քանի որ նախագիծը կազմել եմ սովորողներիս առաջարկով ։ Հերթական պարային ընդմիջման ընթացքում որոշեցինք սովորել ազգային պարերգերից էրիշտայի պարը։ Որքան փորձեցինք չստացվեց, պարաքայլերի իմաստն իմանալուց հետո սովորողներիս առաջարկով որոշեցինք իրականացնել էրիշտայի ծես, պատրաստեցինք էրիշտա։ Ծեսի ընթացքում երգեցինք  էրիշտայի ծիսական երգերը, իսկ պարը փորձեցինք հենց աշխատանքի ընթացքում։

         Կրթահամալիրի կարևորագույն ձեռքբերումներից մեկը Ազգագրական ամենամյա փառատոնն է։  Ազգագրական փառատոնը սովորողների,  դասվանդողներ, անհատական, խմբային, համագործակցային նախագծերի ստուգատես է, որի նպատակը ազգային մշակույթի ներկայացումն է, յուրացումը, հեղինակային մանկավարժական փորձի տարածումը:  Կրթահամալիրում իրականացվող բազմաթիվ տոներն ու ծեսերը մեկտեղվում են Ազգագրական փառատոնի շուրջ։ Փառատոնի նպատակը ազգային մշակույթի յուրացումն, փոխանցումն ու տարածումն է։

  Փառատոնն ընթանում է մի շարք ուղղություններով՝

  • Ազգային պարեր, պարերգեր
  • Ձմեռային տոներ, ծեսեր
  • Ազգային խաղեր
  • Տարածաշրջանային պարեր
  • Տարազ
  • Բանահավաքչություն
  • պարային երևելիներ
  • պարային նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
  • տարածաշրջանային բարբառներ
  • Օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների պարային ազգագրություն
  • Պարային թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • Միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
  • Այլ

Թվարկված ուղղություններից մենք ընտրեցինք՝

  • Տարազ
  • պարեր, պարերգեր, փաթեթների ստեղծում
  • ազգային խաղեր

Որքան էլ, որ թվում էր բարդ և անհասկանալի  կրտսեր դպրոցում տարազի ուսումնասիրությունները,  փառատոնի շրջանակներում  սովորողներիս հետ  սկսեցինք «Ազգային հագուստ՝ տարազ» ուսումնական նախագիծը։ Նախագծի ընթացում իրականացրինք հետազոտական աշխատանք, համացանցից գտանք տեղեկատվական նյութեր տարազի մասին և այն դարձրինք ուսումնական փաթեթ։

Նախագծի ընթացքում համագործակցեցինք «Տերյան մշակութային» կենտրոնի հետ։  Օրեր շարունակ տարազներ ուսումնասիրելով, ցանկություն առաջացավ տեսնել և կրել ազգային տարազները։  Համագործակցությունն շատ արդյունավետ և տպավորիչ էր։

  Հաջորդ ուղղությունը  պարեր, պարերգեր, փաթեթների ստեղծումն էր։  Նախագիծն իրականացրեցի սովորող-սովորեցնող մեթոդով։ Ամբողջ տարվա յուրացրած ազգային պարերը փոխանցեցին թե՛ ավագ, թե՛ կրտսեր ընկերներին։ Արդյունքում ունեցանք բավականին մեծ փաթեթ։ Ազգագրական փառատոնի իրականացման ընթացքում կարևորեցի նաև ազգային խաղերը։ Կրկին սովորող-սովորեցնող մեթոդով 1–3 դասարաններ այցելելով փոխանցեցինք  մեր իմացած ազգային խաղերը։ Փառատոնի ավարտին ունեցանք ազգային խաղերի փաթեթ, որտեղ ներկայացված են տարվա ընթացքում արված համագործակցությունները։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԱՍ

Ծնողների հետը հարցման արդյունքում քննարկվեցին հետևյալ հարցերը:

Հարցմանը մասնակցեցին 28 ծնող, որից  15(52%)  նշեց, որ շատ է կարևորում դպրոցի դերը ծեսերի յուրացման, փոխանցման գործընթացում։

   2․Նշե՛լ որևէ ծես, որը դպրոցից է փոխանցվել ընտանիք։

Հարցի արդյունքում երևաց, որ ընտանեկան դպրոցներ փոխանցվել են կրթահամալիրի հեղինակած ծեսերը՝

  • Հարիսայի ծես
  • Թթուդրիկի ծես
  • Ղափամայի ծես

3․Դպրոցում իրականացվող ծեսերից ո՞րին եք  մասնակցել։

Հհարցի արդյունքում երևաց, որ ծնողների մեծ մասը մասնակցել են՝

  • Ամանորի ծեսին
  • Հարիսայի ծեսին
  • Թթուդրիկի ծեսին

4․Ո՞րքանով եք կարևորում հեղինակային մանկավարժության մեջ ծեսով ուսուցումը։

 Հարցին մեծ մասը պատասխանել են, որ շատ են կարևորում։

 Ներկայացնում եմ մի քանի մեկնաբանություն ծնողների կողմից։

Ծնող Մարիամ Բալյանի անդրադարձըթեմայի շուրջ՝   Հանրակրթական ծեսն ընտանեկան դպրոցում

Շատ հաճելի է երբ սովորում ես նորություններ։

Ապրելով արտասահմանում միշտ պահել և պահպանել ենք հայկական ավանդույթները։

Այս մեկ տարում ինչ Էմանուելը հաճախում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր մենք մեր գիտելիքները հայկական ավանդույթների վերաբերյալ կրկնապատկել ենք շատ հետաքրքիր է մեզ և սիրով բոլորը հետևում ենք։

Այնքան հետաքրքիր է որ իմ աշակերտներս արտասահմանում ցանկացել են ես ևս իրենք հետ կիսվեմ այս գիտելիքներով։

Շնորհակալ ենք Ձեզ, գնահատում ենք Ձեր աշխատանքը, հուսով եմ մեր բալիկները ապագայում կդառնան խելացի եւ բանիմաց Ձեր շնորհիվ.

Շնորհակալությունս եմ ուզում հայտնել այն հսկայական ջանքերի և աշխատանքների համար, որոնք ուղղված են ուսուցումը ծեսերի միջոցով էլ ավելի հետաքրքրական և արդյունավետ դարձնելուն, առավել ևս սովորողին ծանոթացնելու ազգային ծիսական ժառանգությանը։ Մեծագույն խնդրանքս է, ինչպես նաև առաջարկություն, վերանայել այն բոլոր հոգևոր ծեսերը, որոնք հեթանոսական ժամանակներից սերնդեսերունդ մեզ են փոխանցվել և շեղել ճշմարիտ Աստվածպաշտության կյանքից․ արդյո՞ք, մեր հայրերից ժառանգած բոլոր ծեսերն ու ծիսակարգերը, որոնց հոգևոր բովանդակություն է տրվել, Աստվածճանաչողությա՞նն են ուղղված և Աստծո՞ւն են մեծարում․․․ այլապես, ինչի՞ համար են, կա՞ իմաստ սերնդեսերունդ փոխանցելու։

Եզրակացություն

Հետազոտական աշխատանքն իրականացնելիս եկա այն եզրահանգման, որ սովորողները, դառնալով ծեսի մասնակից և կատարող , ավելի լավ են ներառվում ուսումնական աշխատանքներում, բացահայտում ազգապահպանության համար կարևոր նախադրյալ հանդիսացող ծեսերն ու փոխանցում դրանք իրենց շրջապատին։ Կարողանում են  կատարել ուսումնական, որոնողական աշխատանքներ, դառնում են հետազոտող, փնտրող և լուծումներ առաջարկող: Սովորողները կարողացան ծրագրի արդյունքում կարևորել սեփական կարծիքի լիարժեք արտահայտումը, ձևավորեցին համագործակցության կարողություններ, գիտելիքով կիսվելու հմտություններ։ Ծեսերն այն կարևորագույն միջոցն է, որն ապահովում է դպրոց–ընտանիք, ընտանիք–դպրոց ամուր կապը։ Կատարված հետազոտական աշխատանքում հստակ երևում է այդ կապը, երբ դպրոցից ընտանիք փոխանցվում է բազմաթիվ մոռացված ավանդույթներ, և երբ ընտանիքը մեծ ոգևորությամբ մասնակցում է կրթահամալիրյան ծեսերին, օրնակ՝ թթուդրիկ, լավաշթխիկ, ղափամայի ծես։

Այսպիսով՝

  • Ընտանեկան դպրոցներն ներգրաված են կրթահամալիրում իրականացվող ծեսերին
  • Սովորողների առջև դրված խնդիրը՝ ազգային մշակույթի յուրացումն ու տարածումը արդարացված է
  • Սովորիղի համար ծեսը դարձել  է իրական ուսումնասիրության և հետազոտության աղբյուր, ամրապնդում է միջառարկայական, համագործակցային կապերը։

Օգտագործվող գրականության ցանկ՝

  1. Հասմիկ Մաթևոսյան «Ծեսեր համակարգելու այցեքարտ»
  2. Հասմիկ Մաթևոսյան «Երաժշտությամբ ուսուցումը՝ համընդհանուր ներառականության օրինակ»
  3. Մարինե Մկրտչյան «Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» մշակում

Оставьте комментарий